10/04/2018 19:45
Ի տարբերություն կոմերցիոն, գռեհիկ հումորով ֆիլմերի՝ այս կարգի ֆիլմերի համար դժվար է ֆինանսավորում գտնել. Արշակ Զաքարյանը՝ հայ-վրացական նախագծի և քառօրյա պատերազմին նվիրված ֆիլմերի մասին
Ամիսներ առաջ Aysor.am-ն ընթերցողներին տեղեկացրել էր այն մասին, որ հայկական և վրացական կողմերը համատեղ կինոնախագծով ներկայանալու պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագծում ընդգրկված են ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը, սցենարիստ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ու վրացի դերասան Թեմուր Չիչինաձեի ղեկավարած կինոընկերությունը:
«Ես և Հրանտ Թոխատյանն, ում հետ ընկերներ ենք, մի օր զրուցեցինք այս թեմայով: Նա շատ էր ուզում, որ նախագիծն իրականություն դառնա, ու անձամբ նախաձեռնեց Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների հետ հանդիպումները: Այնուհետև նրա առաջարկով որպես ռեժիսոր մեր թիմին միացավ նաև Արշալույս Հարությունյանը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Արշակ Զաքարյանը:
Նախագիծը 5 տարի առաջ է ծնվել, սցենարը գրվել է 2,5 տարի առաջ: Ֆինանսական խնդիրների պատճառով նկարահանումները մինչ այսօր հետաձգվել են, ու միայն հաջորդ ամիս պարզ կլինի, թե երբ կսկսվեն նկարահանման աշխատանքները: Թեև, սցանարիստի վստահեցմամբ, բոլոր նրանք, ովքեր ծանոթ են նախագծին ու սցենարին, հիացած են:
«Սա մեկանգամյա նայելու ֆիլմ չի, բավական խորիմաստ ու ասելիքով ֆիլմ է: Ի տարբերություն կոմերցիոն, արագ վաճառվող, գռեհիկ հումորով ֆիլմերի՝ այս կարգի ֆիլմերի համար այսօր դժվար է ֆինանսավորում գտնել: Նկարահանումները կսկսվեն այն ժամանակ, երբ հստակ կլինի տրամադրվող բյուջեն: Այն ֆինանսավորվելու է ոչ միայն երկու պետությունների, այլև՝ մասնավորի կողմից: Այժմ սպասում ենք պետության աջակցության հաստատմանը», - նշեց մեր զրուցակիցը:
Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Дистанция» (Հեռավորություն): Անդրադառնալով սյուժեին՝ սցենարիստը նկատեց, որ ուրախ բովանդակությամբ հետաքրքիր դրամա է, բայց ոչ լիովին կատակերգական ժանրում:
«Այս ֆիլմը հայ-վրացական եղբայրական հարաբերությունների մասին է, թե ի՞նչ պատճառով է, որ բազմադարյա մեր հարաբերությունների մեջ որոշակի անջրպետ է առաջացել. ուրախ տրամադրության մեջ հետաքրքիր ֆիլմ է լինելու՝ գեղեցիկ լուծումներով: Հուսով եմ, որ սա ևս կարևոր քայլ կլինի մեր երկու պետությունների ժողովուրդների հարաբերությունների ջերմացման համար», - նկատեց նա:
Ֆիլմում որոշակիորեն առկա են նաև քաղաքական ենթատեքստեր. ինչպես սցենարիստն է ընդգծում, Վրաստանի ընտրած քաղաքականությունը մեկ այլ դաշտում է, Հայաստանինը՝ մեկ այլ, իսկ այդ հանգամանքը ազդեցություն է թողնում երկու եղբայրական պետությունների վրա:
Դերասանական կազմում ընդգրկված են Զարուհի Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը և այլք: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Հրանտ Թոխատյանն ու Թեմուր Չիչինաձեն: Ֆիլմում օգտագործվելու է և՛ հայերենը, և՛ վրացերենը՛, և՛ ռուսերենը:
«Հայերն իրենց մեջ կխոսեն հայերեն, վրացիները՝ վրացերեն, իսկ միմյանց հետ շփման ընդհանուր լեզուն կլինի ռուսերենը: Այնպես, ինչպես իրական կյանքում է: Նկարահանումները տեղի կունենան Հայաստանում և Վրաստանում», - պատմեց սցենարիստը:
Արշակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առաջիկայում ձեռնամուխ լինի նաև ապրիլյան պատերազմին նվիրված ֆիլմի իրագործմանը, պատասխանեց, որ դեռևս սցենարային տեսք ունեցող «116» կոչվող ֆիլմը, որը պատմելու է կապիտան Արմենակ Ուրֆանյանի և նրա զինվորների սխրագործության մասին, անպայման մի օր կէկրանավորվի:
«Ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է՝ առանց լեգենդներ ավելացնելու, չափազանցնելու կամ պակասեցնելու: Սցենարը կմաղքի տեսք ունի, այն գրել ու տարիներով դարակներում պահել, անիմաստ է: Դա ահռելի աշխատանք է: Կրկնվեմ ու նորից ասեմ՝ այսօր դժվար է լուրջ ֆիլմերի համար ֆինանսավորում գտնել: Հուսանք՝ կստացվի», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արշակ Զաքարյանը: