10/04/2018 10:38
Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանի խորհրդարանն այսօր առավոտյան մեկնարկած նիստում սկսել է քննարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Համաձայնագիրը, հիշեցնենք, երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման և արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դրական եզրակացություն էր ստացել։
«Հավատացած ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գործադիրի արդյունավետ քայլերը պետք է զուգորդվեն օրենսդիրի աջակցությամբ և վստահությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համաձայնագիրը արդյունք է հենց այդպիսի աջակցության և վստահության», - խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Պաշտոնյայի փոխանցմամբ, համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են նոր համաձայնագրի հիմքում:
«Համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` հօգուտ մեր քաղաքացիների: Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում. այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար», - պատգամավորներին ասաց Նազարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ համաձայնագիրը կուղղորդի Հայաստանի և Եվրոպական Միության տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի: