10/04/2018 12:17
Հայ ժողովրդի վերջին տարիների հաղթանակներն ու ձեռքբերումները՝ Նարեկ Դուրյանի նոր ներկայացման առանցքում
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի բոլորովին նոր՝ «Օրագիր» փաստավավերագրական դրաման՝ ըստ Լիանա Բաղդասարյանի անձնական օրագրի:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմադրվող ներկայացման պրեմիերաները տեղի կունենան ապրիլի 24-ին, 25-ին և 26-ին: Բեմադրությունը, երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի: Վերջինս նաև պիեսի հեղինակն է:
«Հերոսական ներկայացման մեջ ամփոփված են 1988-ից մինչև մեր օրերը տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումն, ապրիլյան պատերազմը: «Օրագրի» առանցքում մեր ժամանակակից պատմությունն է: 15 տարի առաջ Լիանա Բաղդասարյանը պարոն Դուրյանին է տվել իր անձնական օրագիրն ասելով, որ եթե հնարավորություն լինի, Դուրյանը կարող է ներկայացում բեմադրել իր օրագրի հիման վրա: Օրագրի հերոսները 4 ընկերուհիներ են, ովքեր 1983-88 թթ. սովորել են Բաքվի մանկավարժական ինստիտուտում: Եվ Նարեկ Դուրյանը որոշեց նոր ներկայացմամբ անդրադառնալ այդ օրագրին: Ի դեպ, օրագրի հերոս չորս ընկերուհիները Ղարաբաղյան շարժման ժամանակ տեղափոխվել են հայրենիք և ապրում են այստեղ մինչև այսօր, դաստիարակելով նոր սերնդին»,-նշում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Յուրօրինակ ու հետաքրքիր ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսն ինքնատիպ պատմական էքսկուրս կկատարի՝ հայտնվելով տարբեր ժամանակահատվածներում, ականատես դառնալով վերջին տարիների մեր հերոսական հաղթանակներին, վայրէջքներին ու վերելքներին: Հանդիսատեսը ևս մեկ անգամ կգիտակցի, որ հայ ժողովուրդն ամենավճռորոշ պահին միասնական է դառնում, ու որ դժվար է կոտրել այս ժողովրդին:
Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է՝ «Բոհեմ» թատրոնում շատ են կարևորում պատմական բեմադրություններ ներկայացնելն ու անցյալի պատմությունների միջոցով ներկան արժևորելը: Պատմական իրադարձություններին հաղորդելով թարմ շունչ՝ Նարեկ Դուրյանը փորձել է հաղթանակների ու ձեռքբերումների երեք տասնամյակ տևող պատմությունը հետաքրքիր և հասանելի կերպով մատուցել հայ հանդիսականին:
Նշենք, որ ներկայացման մեջ խաղում են Նարեկ Դուրյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Սուսաննա Ղազարյանը, Թելման Առաքելյանը, Արտակ Մանուկյանը, Ռաֆի Թադևոսյանը, Գարիկ Միրզոյանը: Թատրոնի պրոդյուսերը հատուկ շեշտում է, որ «Օրագրի» դերասանների մեծ մասը երիտասարդներ են: Ի դեպ, դերասաններից շատերը միանգամից մի քանի հերոսի են մարմնավորում: