11/04/2018 12:26
Արարատ Միրզոյանը ԱԺ դահլիճում վառեց «ազատության ջահը». Դահլիճը ընկղմվեց ծխի մեջ (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ակցիա իրականացրեց՝ խորհրդարանի ամբիոնի մոտ հրավառության նյութեր այրելով։
Նախ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանավարումը և կերտել մեր երազանքների Հայաստանը։ Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 18։30-ին, գաք Ազատության հրապարակ, և մենք միասին կվառենք մեր Ազատության ջահը»։
Այս հայտարարությունից հետո պատգամավորը գրպաններից հանեց հրավառության նյութեր և այրեց դրանք։ Խորհրդարանի դահլիճում նստած նրա գործընկեր Լենա Նազարյանը նստած տեղից, նյութերը այրելով, մոտեցավ նրան։ ԱԺ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովը չընդհատեց պատգամավորներին, ու նրանք այնքան կանգնեցին ամբիոնի մոտ, մինչև նյութերը այրվեցին, և դահլիճը ընկղմվեց ծխի մեջ։
Դրանք այրելուց հետո երկու պատգամավորները դուրս եկան դահլիճից։
«Ոնց որ շոուն չստացվեց», - արձագանքեց Շարմազանովը։
Երբ դահլիճը ծխի մեջ էր, «Ելք» խմբակցության մյուս պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ նիստը վարող Էդուարդ Շարմազանովից ընդմիջում խնդրեց, սակայն Շարմազանովը մերժեց նրան. «Պարոն Գորգիսյան, դուք ձեր խմբակցությունը։ Պարզապես, թող հանրությունը տեսնի՝ ով ինչով է զբաղված Ազգային ժողովում։ Բացեք, դռները, նորմալ աշխատեք»։