12/04/2018 18:33
Եվրամիությունը մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ կտրամադրի Վրաստանին
ԵՄ-ն որոշում է ընդունել Վրաստանին մակրոֆինանսական օգնություն տրամադրել տնտեսական կայունությունը պահպանելու համար, ասված է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Խորհուրդը որոշում ընդունեց Վրաստանին մինչև 45 մլն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին: Այն կօգնի բավարարել Վրաստանի ֆինանսական պահանջմունքները, աջակցել տնտեսական կայունությանը և նրա կառուցվածքային բարեփոխումների ծրագրին», - հայտնել են մամուլի ծառայությունում:
Մակրոֆինանսական օգնությունը ԵՄ-ի կողմից ցուցաբերվում է վճարային հաշվեկշռի դժվարություններ ունեցող գործընկեր-երկրներին, այն հասանելի է միայն այն երկրների համար, որոնք աջակցություն են ստանում Արժույթի միջազգային հիմնադրամից: Սա Վրաստանի համար երրորդ նման գործողությունն է 2008 թվականից հետո:
Եվրահանձնաժողովը Վրաստանին մակրոֆինանսական օգնության այս ծրագիրն առաջարկել է տրամադրել անցյալ տարվա սեպտեմբերի վերջին: Այն ժամանակ նշվել էր, որ միջոցները նախատեսված են երկրի արտաքին ֆինանսական կարիքների մի մասը բավարարելու համար: