12/04/2018 16:13
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ էր:
«2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։
Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա», - նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը և արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։