12/04/2018 15:33
«Եվրատեսիլ»-ի հետ կապված բոլոր որոշումները միայն թիմն է իրականացնում. Գոհար Գասպարյանը՝ իր և Սևակ Խանաղյանի միջև կոնֆլիկտի մասին
«Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն այս տարի, կարծես, այնքան էլ հարթ չի անցնում: Լավ է, այդ անհարթությունները դեռևս ոչ թե միջազգային բեմում են, այլ՝ ներքին խոհանոցում ու միջանձնային հարաբերություններում. պարբերաբար տարաբնույթ խոսակցություններ են տարածվում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանի և մյուս մասնակիցների ու ստեղծագործական թիմի անդամների մեջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Այսօր էլ BoomNews.am-ը նյութ է հրապարակել այն մասին, որ եվրատեսիլյան այս տարվա ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն ու «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կոնֆլիկտ են ունեցել: Պատճառն այն է, որ երգիչն անձամբ է ընտրել իր բեք-վոկալիստներին՝ անտեսելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության և պատվիրակության ղեկավարի կարծիքները:
Ըստ կայքի տեղեկությունների, զայրանալով նման արհամարհական վերաբերմունքից, Գոհար Գասպարյանը մտերիմիկ զրույցներից մեկի ժամանակ խոստացել է, որ «Սևակն այս քայլը չի մարսելու»:
Aysor.am-ի հետ զրույցի ընթացքում Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Ծերունյանն ընդգծեց՝ դրանք խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրողությանը. նման բան չի եղել:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք նաև Գոհար Գասպարյանի և Սևակ Խանաղյանի հետ:
«Սա հերթական բամբասանքն է, այս անգամ՝ 100 տոկոսանոց անհիմն խոսակցություն: Մեզ մոտ թիմային աշխատանք է, «Եվրատեսիլ»-ի հետ կապված բոլոր որոշումները թիմն է իրականացնում՝ հաշվի առնելով և՛ Սևակի, և՛ մեր երաժշտական պրոդյուսերի ցանկությունները: Անում ենք ամեն ինչ՝ ճիշտ ներկայանալու համար: Բոլորին խորհուրդ կտամ՝ նման բաների փոխարեն աջակցել և սատարել մեր արտիստին՝ պատասխանատու այս պահին կանգնելով նրա կողքին ու խրախուսելով», - պարզաբանեց Գ. Գասպարյանը:
Սևակ Խանաղյանի PR մենեջեր Ջուլիա Մկրտչյանն արդեն իսկ ծանոթ էր հրապարակմանը: Նկատեց՝ նման բան չկա, ինչպես Սևակի ու Մհերի ծեծկռտուքը, այնպես էլ սա հերթական սուտ ինֆորմացիան է:
«Սևակ Խանաղյանի և Գոհար Գասպարյանի հարաբերությունները շատ լավ են: Եվրատեսիլյան ելույթի հետ կապված ամեն բան, այդ թվում և բեք-վոկալի ընտրությունը, Հանրային հեռուստաընկերության հետ համաձայնեցված է», - ընդգծեց նա:
Ի դեպ, տարեցտարի եվրատեսիլյան ներանձնական կրքերին վերաբերող խոսակցություններն ավելանում են: Գ. Գասպարյանն այս ամենը կապում է բլոգերների, կամ, իր բնորոշմամբ՝ դեղին մամուլի շատացման հետ:
«Ոչ պատշաճ բլոգերն ու բլոգերները, որոնք դեղին մամուլ կոչվածի շրջանակներում են հրապարակվում, շատ-շատ են: Նախկինում նման կայքերը քիչ էին, ու դա շատ լավ էր, քանի որ դրանց ավելացման հետ որակական փոփոխություն դեպի լավը չեղավ: Այն մարդիկ, ովքեր հետևում են «Եվրատեսիլ»-ի օրագրին, Սևակ Խանաղյանի և «Եվրատեսիլի» սոցցանցի պաշտոնական էջերին, հստակ կարող են պատկերացում կազմել մեր թիմում առկա մթնոլորտի մասին: Իսկ նման բամբասանքները երևակայության արդյունք են՝ հերթական անգամ աչքի ընկնելու, աղմուկի միջոցով իրենց վրա մի քիչ ուշադրություն հրավիրելու համար», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գոհար Գասպարյանը: