12/04/2018 20:13
Արմեն Մարությանը՝ Մուրադ, Աննա Էլբակյանն՝ Արուսյակ, Մեսրոպ Աբտոյանն ու Տաթևիկ Հոռփոյանն էլ՝ Արտակ ու Վալյա. Մանրամանսեր՝ «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման մասին. Լուսանկարներ
Շուտով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանա դրամատուրգ Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» կատակերգությունը, որը նվիրվելու է դրամատուրգի 90-ամյակին, նաև՝ Վարդան Աճեմյանի և Առնո Բաբաջանյանի հիշատակներին: Այս մասին Aysor.am-ը դեռևս ամիսներ առաջ էր տեղեկացրել ընթերցողներին:
Ներկայացման գլխավոր դերակատարներից Արմեն Մարությանը, ով մարմնավորելու է փեսայի հորը՝ Մուրադին, մեզ հետ զրույցում հաստատեց՝ ներկայացման փորձերն ակտիվ ընթացքի մեջ են, պրեմիերայի պահն էլ հասունացել է:
«Այս ներկայացումը մեր թատրոնում բեմադրվել է 35 տարի առաջ՝ Վարդան Աճեմյանի կողմից: Ինքս սկզբում խաղացել եմ ռուս զինվորի դերը, հետո՝ Արտակի, հիմա էլ մեծացել ու Մուրադ եմ խաղում, ում ժամանակին մարմնավորում էր Դավիթ Մալյանը: Արմեն Էլբակյանը ներկայացմանը ժամանակակից շունչ է տվել, քանի որ այսօր շատ բան փոխվել է, պահանջներն ուրիշ են, քան՝ 35 տարի առաջ: Վստահ եմ՝ հետաքրքիր, ռետրո ներկայացում է լինելու», - նշեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը՝ «Հարսնացուն» հյուսիսից ֆիլմը սկզբից մինչև վերջ թևավոր խոսք է դարձել ու մինչ այսօր արդիականությունը չի կորցրել, արդյոք մտավախություն չկա, որ մերօրյա հումորն այնքան էլ ընկալելի չի լինի, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Չէի ցանկանա, որ ներկայացումն ու ֆիլմը նմանեցնեք, սրանք տարբեր աշխատանքներ են՝ նման սյուժեներով: Ի սկզբանե ներկայացումն է եղել, հետո՝ կինոն»:
Ներկայացման հիմնական գաղափարը ոչ թե երկու տարբեր ազգերի հարաբերություններն են, այլ՝ սերը: Ինչպես Արմեն Մարությանն ընդգծեց, սա համաշխարհային թեմա է և ոչ թե կոնկրետ ռուսի ու հայի պատմություն:
«Իհարկե, բոլոր ժամանակներում էլ մեր հարևան պետությունից հարսներ ունենում ենք: Այն ժամանակ բանակ էին գնում ու աղջիկ բերում, հիմա՝ խոպան», - ժպիտով նկատեց նա:
Բեմադրիղ ռեժիսորն Արմեն Էլբակյանն է, երկրորդ ռեժիսորի գործառույթները վստահվել են Արմեն Մարությանին: Ներկայացման մեջ ընդգրկված են նաև Աննա Էլբակյանը (Արուսյակ), Ալլա Վարդանյանը (Նատալյա), Արմեն Մարգարյանը (Նիկոլայ Պետրովիչ), Ռուդոլֆ Ղևոնդյանն ու Գևորգ Դոդոզյանը (Ազատ), Գնել Ուլիխանյանը (Վասյա), Ալեքսան Թադևոսյանն ու Ստեփան Շահինյանը (Երվանդ), Անդրանիկ Խաչատրյանն ու Դավիթ Հակոբյանը (Սերոբ), Նարեկ Հայկազյանը (Իվան) և այլք: Արտակին և Վալյային մարմնավորում են Մեսրոպ Աբտոյանն ու Տաթևիկ Հոռփոյանը:
Ներկայացման համար օգտագործվելու է Առնո Բաբաջանյանի՝ հատուկ այս գործի համար գրված երաժշտությունը: Ներկայացման պրեմիերան նախնական որոշմամբ տեղի կունենա ապրիլի 29-ին: