13/04/2018 19:43
Սերժ Սարգսյանը Երևան քաղաքում իրեն պետք է զգա պաշարված. Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ հանրահավաքը։
Հանրահավաքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ։
«Մենք Սերժ Սարգսյանին պետք է հետապնդենք ամենուր, նա Երևան քաղաքում իրեն պետք է զգա պաշարված, կլինի դա մեր առանձնատանը, որ սեփականաշնորհել է իրեն, կլինի դա ՀՀԿ գրասենյակում, թե Ազգային ժողովում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է թույլ չտալ, որ Ազգային ժողովն իրականացնի քվեարկություն։
«Որտեղ էլ որ այդ նիստը կայանա, մենք պետք է գնանք շրջափակենք», - հայտարարեց նա։
Հանրահավաքի առաջնորդն ասաց, որ պետք է բացառել բռնության որևէ գործադրում։