14/04/2018 09:47
«Փաստ». Վլադիմիր Գասպարյանը կարող է նշանակվել ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահ
«Փաստ» թերթը գրել է. «ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած «Փաստի» աղբյուրի վկայությամբ, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են նոր կադրային տեղաշարժերի գործընթացը: Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար: Աղբյուրի վկայությամբ՝ երկրի ղեկավարները հույս ունեն, որ Վովա Գասպարյանը «դիսցիպլինա» կմտցնի բանակում և «կսանձի» որոշ գեներալների ու ռազմական պաշտոնյաների «ախորժակը»՝ բանակից ինչ-որ բան փախցնելու գործում:
Որոշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար: Ինչ մնում է Էդվարդ Նալբանդյանին, ապա նա շատ հետաքրքիր առաջարկություն ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից: Հնարավոր է, որ նա նշանակվի այս կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի տեղակալ: Հետաքրքիր է՝ մեր կադրերին դրսում մեծ տեղ են տալիս: Տիգրան Սարգսյանը երկրի վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Նալբանդյանը «մի ոտքով» Ֆրանկոֆոնիայում է: Այսպես եթե գնա, պաշտպանության ապագա նախարար Վլադիմիր Գասպարյանը, տարիներ անց, կարող է նշանակվել ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահ՝ գեներալ Պետր Պավելի փոխարեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում