17/04/2018 15:13
Հրապարակում մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու. Մարուքյանը՝ վարչապետի թեկնածուին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վեց տարի է՝ պատգամավոր է, բայց առաջին անգամ է Սերժ Սարգսյանին տեսնում խորհրդարանում։
«Շատ եմ քննադատել այս բարեփոխումները, բայց դրանք, պարզվում է, որ մի լավ կետ ունեն. առաջին անգամ վեց տարվա ընթացքում այստեղ է Սերժ Սարգսյանը և նրան կարելի է հարցեր ուղղել», - այսօր վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով` այնպիսի կառավարման համակարգ է ստեղծվել, որում կան ֆեյք կամ կեղծ պաշոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ, որոնք որևէ բանի հետ կապ չունեն, հետևաբար ստեղծվել է պահ, որ կարելի է թիվ մեկ պաշտոնյային ամեն ինչի մասին ասել։
«Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում է՝ ես կապ չունեմ, ու ձեր նկարն է ցույց տալիս ու ասում՝ իրեն ասեք։ Մենք խոսում ենք բարեփոխումների մասին, բայց ձեզ պետք է ձեզ խնդրեմ, որ էլ բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք արել, այնքան մենք ռեգրես ենք ապրել։ Լավ բան տեղի չի ունենում», - հայտարարեց Մարուքյանը։
Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով վարչապետի թեկնածուին, հետաքրքրվեց, թե գիտի՞ որ առողջապահության նախարարն ամեն ինչ անում է, որ մարդկանց համար անհարմարություններ ստեղծվեն: Պատգամավորը դժգոհեց նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարից ու հետաքրրքրվեց. «Որտեղի՞ց եք գտնում նման մարդկանց»։
Այնուհետև դիմելով դահլիճում նստած Սարգսյանին՝ պատգամավորն ասաց. «Խնդիրն այն է, պարոն Սարգսյան, որ բոլորը գիտեն՝ դուք ոչ մի բան չեք փոխելու։ Ոչինչ չեք փոխելու, բոլորը մտածում են, որ շարունակելու եք թողնել նույն համակարգը, պահպանել նույն մարդկանց։ Ոչ մի փոփոխություն դուք չեք անելու։ Համակարգում միակ մարդը, որը տուժել է վերջին փոփոխություններից, Գալուստ Գրիգորիչն է։ Ուրիշ փոփոխություն մենք չենք տեսել»։
Ավելին, Մարուքյանը նկատեց, որ վարչապետ դառնալով՝ Էդվարդ Նալբանդյանը դարձյալ նշանակվելու է արտգործնախարար, որը «ձախողել է արտաքին քաղաքականությունը»։
«Սա փակուղի է, պարոն Սարգսյան, և մենք եկել ենք ձեզ ասելու, որ դեմ ենք ձեր երրորդ պաշտոնավարման ժամկետին։ Մենք եկել ենք էստեղ առաջին անգամ ասելու, թե ինչ է երկրում կատարվում։ Իմ տպավորությամբ՝ կա երկու աշխարհ՝ ձեր աշխարհը և մեր աշխարհը, որտեղ գիտենք՝ ինչ է կատարվում։ Ձեր աշխարհում դուք շրջապատված եք այն մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում՝ ինչ է կատարվում։ Մենք հայտնվել ենք ճահիճում, պարոն Սարգսյան», - դիմելով վարչապետի թեկնածուին՝ ասաց Մարուքյանը։
Խոսելով կառավարման համակարգի փոփոխությունից և ապագա վարչապետի լիազորություններից՝ Մարուքյանը հայտարարեց, որ այսուհետև ոստիկանությունը ենթարկվելու է վարչապետին և հայտարարեց.
«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են ու ժամեր անց, երբ ընտրվեք վարչապետի պաշտոնում, ձեր ձևավորած Սահմանադրությամբ ոստիկանապետը ենթարկվելու է Ձեզ։ Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու։ Մեր թիվ մեկ խնդիրը լինելու է այն, որ թույլ չտանք, որ բռնություն կիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Մենք ուրիշ աշխարհից չենք, իրական աշխարհից ենք ու եկել ենք ձեզ ասելու, որ ընտրություններում փող է բաժանվել ու այդ փողը, մարդիկ ասում են, բաժանել է պարոն Սարգսյանը, դուք ասում եք քաղբանտարկյալ չկա Հայաստանում, բա Անդրիաս Ղուկասյանը ինչո՞ւ է բանտում, էն տոնածառ դրած տղեն ինչու է բանտում։ Սա է դառը իրականությունը, պարոն Սարգսյան»։