17/04/2018 17:56
Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Նախագահ Սարգսյանի մեկնաբանությունը՝ բողոքի ակցիաների վերաբերյալ
Երևանի կենտրոնում օրեր շարունակ անցկացվող ցույցերի, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեմ բողոքների վերաբերյալ Aysor.am-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքը ստանալու խնդրանքով:
Ներկայացնում ենք պատասխանը ամբողջությամբ.
«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:
Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:
Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար:
Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:
Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:
Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»: