17/04/2018 12:46
Պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը. Սերժ Սարգսյան
Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր, Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
«Ապրիլյան պատերազմի դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», - ասաց Սերժ Սարգսյանը։
Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը, Ս. Սարգսյանի կարծիքով, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ չի հաջողվել։
Ապրիլյան պատերազմի հաջորդ դասն, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայկական զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն։
«Եվ որ ամենակարևորն է, հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելը, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելը, և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելը: Արդեն իսկ արվել են մի շարք քայլեր՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների՝ ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, որոնք վստահություն են ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը», - եզրափակեց նա։