17/04/2018 20:16
Թուրքիայում անցկացվող միջազգային կինոփառատոնը Երևանի մասին պատմող հայկական ֆիլմը ներառել է կարճ ցուցակում
Երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանի՝ Երևանի մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը այս օրերին էլ շարունակում է իր փառատոնային շրջագայությունը: Մոսկվայում տեղի ունեցած միջազգային «Շողարձակող հրեշտակ» կինոփառատոնի արձագանքներից հստակ է դառնում, որ երևանյան տպավորությունների հիման վրա նկարահանված վավերագրական այս ֆիլմը հուզում է այլազգի ներկայացուցիչներին։
Կինոփառատոնի օրերին ռեժիսորը ներկա չի եղել, քանի որ մասնակցում էր Միջազգային ուսանողական կինոփառատոնին: Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ շատ դժվար էր համատեղել երկու կինոփառատոն, այդ պատճառով էլ հասցրեց ներկա լինել միայն մեկին:
«Բայց ասեմ, որ չեմ ափսոսում, քանի որ իմ ընկերուհին այդ բեմում իմ փոխարեն ներկայացրեց իմ ֆիլմը: Ինքս չեմ սիրում չափից ավելի կենտրոնանալ ներկայանալու վրա, ինձ համար ավելի հաճելի է բուն ստեղծագործական պրոցեսը: Այս դեպքում ավելի մեծ հուզմունք ու պատասխանատվություն ես զգում, հատկապես, երբ որոշ ժամանակ անց դիտում ես, թե իրականում ինչպես է անցել կինոփառատոնը և ինչպիսի արձագանքներ ես ստացել», - նշեց մեր զրուցակիցը:
Փառատոնին ներկա էին Ռուսիայի Պատրիարք Կիրիլը, Օսկարակիր ռեժիսոր Մենշյովը, Սվետլանա Մեդվեդևան և հայտնի շատ այլ արվեստագետներ։ Ռեժիսոր, սցենարիստ, ՌԴ Կինոմատոգրաֆիստների և Գիլդիայի անդամ Այեքսեյ Վախրուշյեվը հայ ռեժիսորի ներկայացուցչին մրցանակը հանձնելիս ընդգծեց՝ ֆիլմը ցնցել է ոչ միայն իրեն, այլև՝ ժյուրիի մյուս անդամներին:
«Սա պրոֆեսիոնալ մրցանակ է մեր ժյուրիի կողմից այն ֆիլմին, որը դարձավ նաև «Լավագույն դեբյուտ» անվանակարգի հաղթողը: Ֆիլմում կա բույր, հիացմունք, ցվրված կյանք, որից հեղինակը կարողացել է ստեղծել մի ամբողջական կտավ։ Հատկանշական է, որ այստեղ կա նաև կինոլեզու։ Սա ընդամենը արտակադրային տեքստով պատկեր չէ, այլ հրաշալի կերպով հայկական քաղաքը ներկայացրած ֆիլմ՝ դիրտարկումներով», - նկատեց Այեկսեյ Վախրուշյեվը:
«Ադապտացիան» այս տարի մասնակցել է նաև գերմանայի «Գրենցլանդ կինոյի Օրեր» միջազգային կինոփառատոնին, այժմ մասնակցում է 4 միջազգային կինոփառատոնի: Ի դեպ, Թուրքիայում անցկացվող «Մենք միասին ենք» միջազգային կինոփառատոնը հայկական ֆիլմը ներառել է կարճ ցուցակում, այն շուտով կցուցադրվի Ալանիա քաղաքում։
«Ադապտացիա»-ն ՀՀ նախագահի մրցանակի եզրափակիչ անցածներից մեկն է։ Այն ընդգրկվել է Սևաստոպոլի «Հեռուստատեսային և դոկումենտալ ֆիլմերի» կինոփառատոնի մրցութային ծրագրում, որի նախագահն է Վլադիմիր Մենշյովը: