18/04/2018 19:36
Նիկոլ ջան, կազմակերպում ես, մինչև վերջ պատասխանատվություն կրի. ձերբակալված անչափահասի հայր (Տեսանյութ)
Հանրային ռադիոյի շենք ներխուժելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի հայրը հուսահատության մեջ է։
«Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի պատճառով իմ երեխեն գնացել, մտել ա ռադիոտուն, գործեր են հարուցել ու հիմա երեխուս դատում են», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է ձերբակալված անչափահասի հայրը՝ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել կատարվածի մասին, իսկ Էրիկը դասի է եղել։
«Ես տեղյակ չեմ եղել։ Ես կարող ա՞ իմ երեխուն ասել եմ՝ գնա կրակի բերան։ Միտինգ ա եղել, Նիկոլ Փաշինյանը չի վերահսկել, երեխեն ընգել ա հոսանքի տակ ու գնացել ա, ընգել ա կրակի բերան։ Հիմա էլ կադրերում երևում ա, որ իմ տղեն դուռն ա ջարդում։ Ընենց քրեական գործ ա հարուցված, որ ով կարդում ա, ընգնում ա գետնին», - նշում է հայրը։
Նա հորդորում է Փաշինյանին «մինչև վերջ պատասխանատվություն կրել» կատարվածի համար։
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր Խաչատրյանի գործին և տեղեկացրել, որ այժմ Էրիկը ձերբակալված է, կասկածյալի կարգավիճակ ունի, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալման 72 ժամը, փաստաբանի փոխանցմամբ, չի ավարտվել և առաջադրված մեղադրանք չկա։
Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը» և 225.1 հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցանք կատարելու մեջ։