18/04/2018 17:28
«Ելք» խմբակցության պատգամավորները երաշխավորել են ձերբակալված անչափահասի համար
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե Թանդիլյանի կողմից անձնական երաշխավորություն է ուղարկվել՝ այս պահին ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի գործով, տեղեկացնում են խմբակցությունից։
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր Խաչատրյանի գործին և տեղեկացրել, որ այժմ էրիկը ձերբակալված է, կասկածյալի կարգավիճակ ունի, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալման 72 ժամը, փաստաբանի փոխանցմամբ, չի ավարտվել և առաջադրված մեղադրանք չկա։
Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը» և 225.1 հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցանք կատարելու մեջ։