18/04/2018 22:27
2017-ը միակ տարին էր, երբ փողոցներում հանրահավաքներ չկային, ևմենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Հարցին՝ արդյոք հանրահավաքային ակտիվությունն ազդու՞մ է երկրի տնտեսական զարգացման վրա, նա պատասխանել է. «Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են։ Առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը»:
«Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երևանում, ապա ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ միակ տարին է՝ 2017 թ-ը, երբ փողոցներում հանրահավաքներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել:
«Միակ տարին էր, և այդ տարին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ: Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի»,- ասել է Ս.Սարգսյանը։