18/04/2018 12:58
Ձերբակալվածներից մեկը Տիգրան Մազմանյանն է, մյուսը՝ անչափահաս. Վերջինին բերման են ենթարկել երթուղային տաքսու միջից
Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված քաղաքացիներից մեկը՝ Էրիկ Խաչատրյանը, անչափահաս է, 16 տարեկան, սովորում է Զարդարվեստի պետական քոլեջում։
Նրա փաստաբան Թեհմինե Հովսեփյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Էրիկին ոստիկանները բերման են ենթարկել Ազատամարտիկների փողոցից, երբ երեխան եղել է երթուղային տաքսու մեջ։
«Անչափահաս երեխային երթուղային տաքսուց իջեցրել են, տեղափոխել Կենտրոնի քննչական, որտեղ նրան թույլ չեն տվել, որ զանգի ծնողին, տեղեկացնի։ Այնուհետև տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղից երեխան ծնողին տեղեկացրել է, որ ինքն այնտեղ է», - փոխանցեց փաստաբանը։
Այժմ էրիկը ձերբակալված է, կասկածյալի կարգավիճակ ունի, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալման 72 ժամը, փաստաբանի փոխանցմամբ, չի ավարտվել և առաջադրված մեղադրանք չկա։
Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը» և 225.1 հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցանք կատարելու մեջ։
Փաստաբան Հովսեփյանն ասաց, որ խոսել է իր պաշտպանյալի հետ և նա ասել է, որ խմբով են մտել, ինքն էլ եղել է խմբի մեջ։
«Մեզ դեռ ապացույցներ ներկայացված չեն, ասել են հետո կներկայացնեն», - նկատեց փաստաբանը։
Այս գործի շրջանակներում մյուս ձերբակալվածը Տիգրան Մազմանյանն է, որի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն Aysor.am-ին ասաց, որ ձերբակալման մասին որոշումը ինքը բողոքարկել է դատարան և այսօր դատարանը այդ մասին որոշում կհրապարակի։
«Այս պահին ես չեմ ուզում մանրամասներ ներկայացնել, բայց միայն կարող եմ ասել, որ հիմնավոր փաստարկ չկա Տիգրանին մեղսագրվող արարքների վերաբերյալ», - ասաց Ռևազյանը։