19/04/2018 18:26
Հրավիրում եմ կողմերին երկխոսության. Նախագահ Արմեն Սարգսյանը բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում արդեն մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել.
«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:
Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:
Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձեւավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար:
Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:
Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:
Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:
Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»: