19/04/2018 13:00
Նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները և 2018 թվականի ծրագրերը:
Նախագահը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական և պետական կառավարման ոլորտների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ կատարված է մեծ աշխատանք, և արդյունքները տեսանելի են, ավելացնելով, որ միևնույն ժամանակ շատ են նաև անելիքները:
«Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման ու պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա», - ընդգծել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի կյանքի կոչել նախանշված ծրագրերը, որովհետև մեր ժողովուրդն ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, շեշտելով, որ այս գործում ակնկալում է իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված և արհեստավարժ աշխատանք: