19/04/2018 19:35
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի տարածքային ամբողջականության հետ. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի տարածքային ամբողջականության հետ, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Արմենպրես»-ին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է:
«Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի նախագահը ձևացնում է, թե իբր մոռացել է, որ որպես բանակցությունների հիմք ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստաթուղթը, համաձայն որի՝ Արցախի կարգավիճակը որոշվում է Արցախի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», - ասել է Շ. Քոչարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ Հայաստանը և Արցախը ներկայացրել է որպես ադրբեջանական պատմական հող, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ տվյալ հայտարարությունն ուղղված է, առաջին հերթին, Ադրբեջանի ներքին լսարանին.
«Այն ուղղված է բնիկ ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնի ուծացման քաղաքականությունն արդարացնելուն:
Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ անտեսվում կամ նենգափոխվում է ամեն ինչ. միջազգային իրավունքը, ներառյալ՝ ՄԱԿ Կանոնադրությունը, միջնորդների ջանքերը, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները, պատմությունը՝ սկսած անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, ներառյալ՝ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատությունները»: