20/04/2018 17:26
Հանրապետականում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում. Շարմազանով
ՀՀԿ-ն բացառում է այս պահին Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։
«Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, թե արդեն ընտրվել է վարչապետ, «ո՞նց պետք է արտահերթ ընտրություն անենք»։
«Արտահերթ ընտրության մի ձև կա, երբ որ կառավարության ծրագիրը չի իրականացվում, այս պահին մենք ընտրել ենք վարչապետ ու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում ՀՀԿ-ում», - ասաց նա։
Է.Շարմազանովի խոսքով՝ ընտրությունները մեկ տարի առաջ անցկացվել են ու ընտրությունների լեգիտիմությունն ու լեգալությունը որևէ մեկը հարցականի տակ չի դրել։
«Հիմա ի՞նչ արտահերթ ընտրություն», - ասաց Է. Շարմազանովը։
Նշենք, որ այսօր հայտարարությամբ էր հանդես եկել «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ նշելով, թե Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը։
Կուսակցությունը լուծման ճանապարհը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով։