21/04/2018 19:59
Իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը. թավշյա հեղափոխություն անվան տակ իր շահերն է առաջ տանում. Ժիրայր Դադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Ես խիստ եմ դատապարտում այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Արդեն որերորդ անգամ իրեն շատ հատուկ մանիպուլյացիաներով, իր քաղաքական նպատակներին հասնելու համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելով, իր իսկ համար միավորներ է հավաքում: Իհարկե, ժողովրդի շատ մեծ զանգված կա, որ դժգոհություններ ունի, ու Նիկոլ Փաշինյանն, այդ առիթն օգտագործելով, օգտվում է: Բայց, ինձ թվում է, որ սա նրան չի հաջողվել, քանի որ երեկ պատռեց իր դիմակը՝ ասելով, որ պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել ու դառնալ Հայաստանի վարչապետ», -վրդովված ասաց Ժ. Դադասյանը:
Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժման գործողությունների մեջ նա շատ լուրջ վտանգներ է տեսնում՝ համեմատական անցկացնելով 2008 թվականի մարտի 1-յան դեպքերի հետ:
«Այն ժամանակ էլ «կինոյի տղեն» նորից ինքն էր, բոլորս տեսանք, որ այդ ամենի մեջ նա լուրջ ներդրում ունեցավ: Հիմա ասում է, թե ժամանակները փոխվել են, ուրիշ են: Մոռանում է՝ այո, ժամանակները փոխվել են, բայց ինքը նույնն է մնացել: Այն, ինչ ինքն անում է մանկահասակների, դպրոցականների, ուսանողների հետ, ովքեր ռոմանտիկ տրամադրություններով, մանիպուլյացիայի արդյունքում դուրս են գալիս փողոց՝ ոչ ոք ու երբեք չէր արել: Սա ուղղակի սարսափելի է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Վաստակավոր գործիչը կոչ է անում թավշյա հեղափոխություն ակնկալող նախաձեռնության ղեկավարին՝ լսել ՀՀ վարչապետի հորդորն ու ընդունել բանակցության առաջարկը՝ կասեցնելով այս ամենի վտանգավոր ու սարսափելի ավարտը: Նկատում է՝ այս ամենը բացասական հետևանքներ են ունենալու և՛ երկրի հեղինակության, և՛ կայունության հարցում:
«Ես չգիտեմ, թե ի՞նչ է թավշյա հեղափոխությունը: Շատ լավ գիտեմ պատմություն, բայց դեռ չեմ հանդիպել հեղափոխության, որն առանց արյունի է տեղի ունեցել: Բայց անգամ արյունով արված հեղափոխությունները երկիրն առաջ չեն տարել: Ինքն իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը, բայց ես, կարծում եմ, սա վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի միջազգային հեղինակության իմաստով, կայունության ու անվտանգության հարցերում: Որպես փոքր երկիր, որը պատերազմի մեջ է գտնվում, մենք առաջնահերթ միայն մեկ խնդիր ունենք՝ Հայաստանի անվտանգության խնդիրը: Իսկ ես այս բոլոր ցույցերի ընթացքում ոչ մի օր չլսեցի երկրի անվտանգությանը նվիրված որևէ կոչ կամ ծրագիր իր կողմից: Անընդհատ միայն ժողովրդի անվան տակ է թաքնվում՝ ոտնահարելով բազմաթիվ մարդկանց իրավունքները: Թեկուզ և իմ աշխատանքի գնալու իրավունքը ոտնահարելով՝ թավշյա հեղափոխություն անվան տակ իր իրավունքներն է պաշտպանում ու շահերն առաջ տանում: Սա արդեն զայրացնում է, ես լուրջ նախագծեր եմ հիմա անում, որոնք վտանգված են: Ու որքան մարդ կա, որ այս ամենի պատճառով անլուծելի է թողնում իր առողջական, կրթական և այլ խնդիրները: Ու այս անարխիան ու քաոսն ինքն անվանում է թավշյա հեղափոխությո՞ւն: Եթե ազատ խոսք է ուզում, թող դիմում գրի ու քաղաքապետարանից տարածք ստանա, գնա այնտեղ կանգնի ու առավոտից երեկո խոսա», - նշեց նա:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ որքան էլ դժգոհություններ կան, այնուամենայնիվ, այսօրվա իշխանությունն օրինական ընտրված իշխանություն է:
«Որևէ անօրինական, սահմանադրությանը հակասող գործողություն չի կատարվել իշխանության կողմից: Նիկոլն ուղղակիորեն թիրախավորված է բոլոր իմաստներով, բայց դա չի հասկանում ու շարունակում է ներազդել ժողովրդի վրա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց արվեստագետը: