21/04/2018 14:17
«Լույս» հիմնադրամի 60 կրթաթոշակառուներ նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով իրենց անհանգստությունը
«Լույս» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։
Հայտարարության մեջ ասված է. ««Լույսի» 515 կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել և ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։ Մտավորական այս համայնքի անդամներն ունեն հասարակական և քաղաքական տարբեր հայացքներ, դիրքորոշում և կարծիք արտահայտելու կատարյալ ազատություն։ Բոլոր այս երիտասարդներն ունեն նաև Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, գործուն ծրագրերն ու առաջարկները։
«Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ և շրջանավարտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ բարձրաձայնելով իրենց տեսակետը և ներկայացնելով իրենց անհանգստությունը, ինչը հանդիսանում է նրանց խոսքի ազատության դրսևորումը։
Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով»: