21/04/2018 10:11
Իշխանությունները Փաշինյանի վրա փորձում են ազդել՝ նրա կողմնակիցների միջոցով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է՝ արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի` նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, և հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զարգացումներից: Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ երեկ Սերժ Սարգսյանի հետ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ այս օրերին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա իշխանությունները փորձում են ազդել նաև ամենատարբեր միջոցներով: Մասնավորապես նրա շրջապատի անդամների միջոցով փորձելու են համոզել՝ դադարեցնել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները և երկխոսության նստել: Անգամ այս գործին խառնվել են Արցախից. տարբեր հայտնի դեմքեր իրենց հերթին պայքարը դադարեցնելու և երկխոսության առաջարկ-միջնորդություններով են հանդես եկել: Միայն թե, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաև արցախյան բանագնացներին առայժմ չի հաջողվում համոզել Փաշինյանին: Իսկ երեկ արդեն հանրահավաքում նա հրապարակել է օրակարգային հարցերը, որոնց շուրջ իշխանությունների հետ երկխոսության կգնա՝ վարչապետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, և Սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հրաժարականի և ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսք գնացել է նաև Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն վարչապետը այդ տարբերակի մասով լռել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում