21/04/2018 13:03
Ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը ջնջել է «Իմ քայլը» շարժմանը սատարող գրառումը
Aysor.am-ն այսօր գրել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչո՞ւ եմ ուզում մնալ և ապրել Հայաստանում, երբ կարիերաս ավարտեմ, իմ պատասխանը միշտ բարձր է և հստակ՝ որովհետևս սա իմ տունն է, և այստեղ եմ ես պատկանում:
Այն մարդիկ, որոնք արտագաղթում են այլ երկրներ, նրանք Հայաստանը ինձնից քիչ չեն սիրում: Այդ մարդիկ պարզապես հոգնել են մեր երկրում տիրող բոլոր անարդարություններից: Իրենց ընտանիքների համար ապագա չտեսնելով՝ նրանք ավելի լավ կյանք են փնտրում: Եվ այս ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում, պատասխանատվություն է կրում մեր կառավարությունը և մեր «նախագահ/վարչապետ»-ը :
Խոնարհվում եմ Հայաստանում ապրող բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր Երևանի փողոցներում ամենօրյա խաղաղ պայքար են մղում մեր իրավունքների և ազատության համար, և նրանց առաջ, ովքեր աջակցում են նրանց արտասահմանից», - Facebook-յան էջում գրել էր նա։
Քիչ առաջ, սակայն, ֆուտբոլիստը նոր գրառոում է կատարել՝ նշելով, թե, իբր, այդ գրառումն արվել է ոչ իր իմացությամբ։
«Երեկվա գրառումը իմ էջում ավելացվել է էջի ադմինի կողմից: Ես խորապես ցավում եմ դրա համար: Ես ձեռնպահ եմ մնում քաղաքականության վերաբերյալ գրառումներից:
Դեմ եմ բռնությանը, կողմնակից չեմ քաղաքականացված գրառումների և երեկվա գրառմանը համակարծիք չեմ», - գրել է Դավիթ Մանոյանը։