23/04/2018 15:55
Ապրիլի 24-ին միասնաբար, տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից:
Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է.
«Վեհափառ Տե՛ր, Արցախի հարգարժա՛ն նախագահ, պարո՛ն վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք այս հանդիպման իմ խնդրանքին: Վաղը Ապրիլի 24-ն է՝ մեր ժողովրդի համար սուրբ օրը: Օր, որ 100 տարուց ավելի մեր ողջ ժողովուրդը նշել է որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և մեր ազգային ողբերգության օր: Սակայն այս օրերը թեժ են՝ երկրի տարբեր մասերում կան ցույցեր, Երևան քաղաքն անհանգիստ է: Ճիշտ է, սրանք մեծ մասամբ խաղաղ ցույցեր են, սակայն այս լարված վիճակը նաև պայթյունավտանգ է: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կոչով դիմել է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին, և՛ ոստիկանությանը, որպեսզի կարողանանք ամբողջապես պահպանել խաղաղ վիճակը՝ խաղաղ ցույցեր և խաղաղ արձագանք այդ ցույցերին:
Սակայն վաղը Ապրիլի 24-ն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու գնահատի վիճակի և պահի զգայունությունը, կարևորությունը: Օր է, երբ հայերը՝ ինչպիսին էլ լինեն, մեզնից յուրաքանչյուրը ինչպիսի քաղաքական կարծիք էլ ունենա, հանգստություն կամ անհանգստություն, այդ օրը՝ այդ սուրբ օրը մենք չենք կարող վտանգի ենթարկել:
Հետևաբար, խնդրել եմ, որպեսզի հավաքվենք, որպեսզի մեկ անգամ ևս կոչով դիմենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի բոլորս միասին հարգենք Ապրիլի 24-ը՝ մեր զոհերի հիշատակը: Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Եթե մենք չկարողանանք համախմբվել այս օրը՝ Ապրիլի 24-ին, անկախ մեր բոլոր տարբերություններից, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին:
Հետևաբար, հրավիրել եմ ձեզ հանդիպման, որպեսզի համաձայնվենք կոչով դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհասփյուռ և հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները, կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա և մեր ազգային պայքարի շուրջը և դրանից հետո՝ գուցե ամսի 25-ից սկսած, նորից անցնենք մեր խնդիրների լուծմանը:
Իսկ այդ խնդիրները, ինչպես ասել եմ մի քանի անգամ, ունեն մեկ լուծում՝ երկխոսություն, բանակցություններ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: