23/04/2018 15:13
Մենք էլ մարդ ենք, նեռվայնանում ենք, ի՞նչ անենք. Սամվել Ալեքսանյանը՝ ցուցարարի հետ միջադեպի մասին
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ինքը չի հարվածել ցուցարարին, այլ խբել է մեքենային՝ պահանջել տեղ բացել Շտապօգնության մեքենայի համար:
«Հետևներից շտապօգնության մեքենա էր կանգնած, մեջն էլ մարդ կար: Ես էդ տղային ասեցի բացեք, որ անցնենք, էդ շտապօգնության մեջ հիվանդ կար: Ասում էինք՝ մեռնումա մեջը, բայց ինքն էլ՝ ասում էր՝ մեռնումա, թող մեռնի: Ընդհամենն էդ մաշնեն հանեցինք, որ էդ շտապօգնությունը էթար հիվանդանոց», - ասել է Ալեքսանյանը:
Լրագրողի պնդմանը, որ ցուցարարները միշտ տեղ են բացում շտապօգնության մեքենայի անցման համար՝ Ալեքսանյանը հակադարձել է.
«Թող բարի լինեին լրիվ նկարեին: Իրանց ինչ պետքա էդ են նկարել: Ես չեմ ասում հարվածելը ճիշտ ա, բայց, խոսքի, էդ սիտուացիան… մենք էլ մարդ ենք նեռվայնանում ենք. ի՞նչ անենք»:
Ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Ալեքսանյանը ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն։