23/04/2018 11:12
Պաշտպանության նախարարը պարզաբանել է` որ դեպքում բանակը կարող է ներգրավվել ներքին գործընթացներում (Տեսանյութ)
ՀՀ օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որից հետո Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պետք է վստահ լինեք, և մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ Զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ ռեժիմի պարագայում է և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար», - ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ԶՈւ կարող են ներգրավվել միայն «լրացուցիչ ուժի օգտագործման ձևով, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները»:
«Ես չասացի, որ կա ուժի մտադրություն, ես ասացի, որ օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է և իմ, ինչպես նաև, վստահ եմ, բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ դրա կարիքը, այսինքն` արտակարգ ռեժիմի դրության կարիքը չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում», - ասաց Վիգեն Սարգսյանը: