24/04/2018 13:00
ԵՄ-ն կշարունակի համաձայնագրի իրականացման աշխատանքները Հայաստանի հետ. Պյոտր Սվիտալսկի
Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին ամրապնդելու ժողովրդավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության, օրենքի գերակայությունը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այս բոլոր արժեքները շատ կարևոր են և շատ թանկ են սովորական քաղաքացիների համար։
«Եվրոպական միությունը կլինի Հայաստանի ու հայերի հետ ամբողջ ընթացքում», - ասաց նա։
Հարցին, թե երկրում տեղի ունեցող ներքին գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավարեցման վրա, Պյոտր Սվիտալսկին արձագանքեց.
«Մենք շատ հավակնոտ ծրագիր ունենք այս պահին և կարծում եմ, որ կաշխատենք պայմանագրի այդ ուղղությամբ։ Այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ բոլոր արժեքները շատ կարևոր են շարքային քաղաքացիների համար, որոնք էլ հենց կազմում են այդ համաձայնագրի ողնաշարը։ ԵՄ-ն կաշխատի Հայաստանի հետ իրականացնելու այդ համաձայնագիրը, նույնիսկ շատ ավելի ջանասիրաբար, քան եղել է նախկինում», - ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։