24/04/2018 11:55
Ձգտում ենք նրան, որ լինի իրադարձությունների ազնիվ, շիտակ ճանաչում. ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդում էր
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին։
«Ես այսօր այստեղ եմ ամերիկյան ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը, կառավարությունը չեն մոռանում այն մեկ ու կես միլիոն հայերին, ովքեր Օսմանյան կայսրության վերջին տարիներին զոհ գնացին կոտորածներին։
«Մենք նաև հիշում ենք այն մարդկանց, ովքեր այդ օրերին օգնել են տուժածներին, այն մարդկանց, ովքեր կարողացան կերտել Հայաստանի հետագա ապագան, ուզում եմ նաև հիշել այն հայերին, ովքեր հանգրվան գտան այդ իրադարձությունների արդյունքում Միացյալ Նահանգներում ու այնքան շատ մեծ ներդրում ու վաստակ ունեցան ԱՄՆ-ի համար», - նշեց նա։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց, թե ձգտում են նրան, որպեսզի լինի իրադարձությունների ազնիվ, շիտակ ճանաչում։
«Եվ հենց այդ ուղղությամբ են Միացյալ Նահանգների ջանքերը և միայն դա է, որ կարող է օգնել։ Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտեցում բերել բոլորի համար», - նշեց Ռ. Միլսը։