24/04/2018 14:42
Այդ մարդուն չեմ էլ ճանաչում, չգիտեմ, թե ով է. Ռոբերտ Աբաջյանի պապիկը դիմել է ՊՆ
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բեմ բարձրացած տարիքն առած տղամարդը ներկայացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ ու իր ու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված թոռնիկի անունից դիմեց ցուցարարներին ու ողջունեց բողոքի ակցիան: Սակայն ժամեր անց համացանցում հայտնվեցին տարբեր օգտատերերի գրառումներ, ովքեր վստահեցնում էին, որ անձամբ ճանաչում են հերոսի պապիկին, ու բեմում գտնվողը բոլորովին էլ նա չէր:
Aysor.am-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգի հետ, ում համար ևս ինքնակոչ պապիկը հայտնություն էր:
«Ես ելույթի մի փոքր հատված նայեցի, այդ մարդուն չեմ էլ ճանաչում, չգիտեմ, թե ով է: Բեմում ո՛չ ես եմ, ո՛չ էլ մյուս պապիկը: Այս մասին ես տեղեկացրել եմ Պաշտպանության նախարարությանը, եթե կարող են՝ թող գտնեն», - ասաց նա: