26/04/2018 19:56
Հայաստանի ու Արցախի նախագահները Կաթողիկոսի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նորին Սրբությունը հոգևոր դասի անունից մտահոգություն է հայտնել հայրենի երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով: Վեհափառ Հայրապետը կարևորել է, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ համընդհանուր ջանքերով, երկխոսության միջոցով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծման պիտի առաջնորդվի՝ նկատի առնելով ազգային շահերը, ի մասնավորի՝ Արցախի ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը և հայոց պետականության անսասանությունը:
Առկա իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ լուսաբանություններ են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահները, պատասխանել հոգևոր դասի հարցումներին:
Զրույցի ընթացքում կարևորվել է հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը և գործընթացների իրականացման ճանապարհին օրենքի և սահմանադրության անխաթար պահպանումը: