26/04/2018 12:35
Մինչև մայիսի վերջ Էթիկայի հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի հակակոռուպցիոն մարմին. Սիրանույշ Սահակյանը կլինի՞ նոր մարմնում
Ապրիլի 9-ից հետո, երբ անցումը խորհրդարանական կառավարման ավարտվեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կշարունակի գործել իր բոլոր լիազորություններով մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն ապրիլի 10-ին մտել է ուժի մեջ։ Նա հստակեցրեց, որ ըստ օրենքի անցումային դրույթների, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրերի ընթացքում պետք է մրցույթ անցկացվի։ Այսինքն՝ մինչև մայիսի վերջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորված լինի։
«Մրցույթ հայտարարելուց հետո կառաջադրվեն թեկնածուներ, և խորհրդարանը քվեարկությամբ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։ Երբ հանձնաժողովի առնվազն 3 անդամները ընտրվեն, մարմինը կհամարվի ձևավորված։ Այդ մարմնի ձևավորման պահից հետո միայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները կդադարեցվեն։
Ակնկալում ենք, որ հունիսի 1-ից նոր մարմինը կսկսի աշխատել», - սպասվող ընթացակարգը ներկայացրեց Սահակյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում անդամների թեկնածուներին, ըստ օրենքի, առաջարկում է Մրցութային խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամ։
Հենց այս խորհուրդն էլ զբաղվելու է մրցույթի անցկացմամբ, որը լինելու է երկու փուլով՝ փաստաթղթային և թեստավորման եղանակով։
Սիրանույշ Սահակյանն ասաց, որ Մրցութային խորհրդի անդամները, ըստ օրենքի, պետք է ստուգեն՝ արդյոք առաջադրված թեկնածուն համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին։
Ըստ մրցույթի արդյունքների՝ կազմվելու է ցուցակ, որում նշվում է 5 թեկնածուների անուն և հետո այդ ցանկը ներկայացվում է Ազգայն ժողովի դատին։
Մեր հարցին, թե արդյոք ինքը լինելու է Մրցութային խորհրդին առաջարկվող թեկնածուների թվում, Սահակյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ շատ վաղաժամ է այդ հարցին պատասխանելը։ Քանի դեռ չկա ձևավորված մրցութային խորհուրդ, քանի դեռ չկան ներկայացվող պահանջներ, պայմաններ, մրցույթի այլ մանրամասներ, ես վաղաժամ որոշում չեմ կարող կայացնել՝ առանց ինֆորմացիայի ամբողջացման»։
Ավելի վաղ Aysor.am-ը հետևել էր խորհրդարանում այս մարմնի մասին օրենքի քննարկումներին։ Օրենքը խորհրդարանում անցել էր միաձայն. Խորհրդարանական ընդդիմությունը այն համարել էր քայլ կոռուպցիայի դեմ պայքարում։