26/04/2018 20:45
Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վաղը՝ 12։00-ին, հրավիրում է բանակցության
Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։
«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։
«Բայց, ինչպես ես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ», - հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չի բանակցելու։