27/04/2018 17:54
ԱՄՆ-ում բնակվող դերասաններ Հովհաննես Բաբախանյանը և Մարի Մսրյանը Հայաստանում են. ծրագրերի մեջ են նոր ներկայացումն ու նոր ֆիլմը
Այս օրերին Հայաստանում է գտնվում վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով պատրաստվում է այս շրջանում հայաստանյան իր բեմական ելույթը սկսել «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնի շրջանակներում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Պատգամ» ներկայացմամբ:
«Իմ հյուրախաղերը սկսել եմ Ֆրանսիայից, Բեյրութից, երեկվանից էլ կնոջս հետ Հայաստանում եմ: Առաջարկ ստացա «Արմմոնո» փառատոնը բացել իմ «Պատգամ» մենաներկայացմամբ, որի հեղինակը Կարեն Խաչատրյանն է (Խաչկար. հայ գրող, գիտնական, քաղաքական գործիչ՝ հեղ), բեմադրող ռեժիսորը՝ Մարի Մսրյանը: Պետք է նշեմ, որ հյուրախաղերի ժամանակ բոլոր ներկայացումները բարեգործական բնույթ են կրել, որևէ տոմս չենք վաճառել: Ներկայացման նպատական է աշխարհին ցույց տալ, որ պետք է զերծ մնալ ցեղասպանություններից, նաև՝ ճանաչել իրականացվածները՝ որպես ահազանգ մյուսների համար», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննես Բաբախանյանը:
Այս նույն ներկայացումը դերասանը կխաղա նաև մայիսի 8-ին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Այս անգամ առիթը ՀՀ վաստակավոր արտիստի 50-ամյա հոբելյանն է:
Հովհաննես Բաբախանյանն օրեր անց կներկայանա նաև արցախցի հանդիսատեսին: Հայաստանում գտնվելու ընթացքում նկարահանվելու է նաև Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմում՝ միանգամից երկու՝ Հիսուսի և Թեսպոսի կերպարներում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կվերադառնա մայիսի կեսերին: