Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը տարածել է հայտարարություն, որը վերաբերում է բանակցությունները շարունակելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:
Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել, չեն կարող համարվել բանակցություններ:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:
Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:
Կարեն Կարապետյանի կարծիքով՝ պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։
«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում», - ասել է նա։
«Բայց, ինչպես ես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ», - հայտարարեց նա։
Նա նաև հայտարարել է, որ կա՛մ ինքը վարչապետ կընտրվի ժողովրդի միջոցով ու ժողովրդի աջակցությամբ, կա՛մ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: