28/04/2018 16:05
ՀՀԿ-ն մինչև ապրիլի 30-ը կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ն, կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի», -ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:
Հարցին՝ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի ու այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:
Այդ օրը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ։