28/04/2018 15:48
Ադրբեջանը չի օգտվի Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից. Զատուլին
Ադրբեջանը չի օգտվի Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատերազմական խնդիրների լուծման համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիքհայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Այն պահին, երբ Հայաստանում այսպիսի իրադարձություններ են կատարվում, չպետք է լինեն նման փորձեր: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Կարծում եմ` այս իրավիճակը Հայաստանում դեռևս կշարունակվի և, եթե հիմա Ադրբեջանը փորձի, ապա կտեսնի կոնսոլիդացիա Հայաստանում, իսկ Ադրբեջանին դա պե՞տք է», - ասաց Զատուլինը:
Նա նշեց, որ ՌԴ-ն հույս է դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:
«Ղարաբաղի ժողովրդի ձայնը պետք է հաշվի առնվի, սա իմ անձնական տեսակետն է: Արցախում ապրող մարդկանց կամքն, անկախ ելքից, պետք է հաշվի առնվի: Մեր պաշտոնական տեսակետն այն է, որ մենք պատերազմական փորձարկումներին ու պատերազմական ռևանշի փորձերին դեմ ենք», - նշեց Կ. Զատուլինը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը «Ադրբեջանի նախաձեռնությունն էր»:
«Ոչ մի կասկած չկա, որ Ադրբեջանը սեփական ինչ-ինչ ներքին ու արտաքին պատճառներով, որոշեց խախտել հավասարակշռությունը: Ցավում եմ, որ կիրառվում էր ռուսական զենք: Հուսամ, որ Հայաստան սպառազինության հետագա մատակարարումները թույլ են տվել վերականգնել հավասարակշռությունը: Մենք կատեգորիկ դեմ ենք խնդիրն ուժային ճանապարհով լուծելու որևէ փորձին», - ընդգծեց Կ. Զատուլինը: