28/04/2018 18:38
ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել. չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների. Շարմազանով
Այսօր հանդիպել ենք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Օրակարգում եղել է մեկ հարց: ՀՀԿ-ն այսօր որոշել է ՀՀ վարչապետի թեկանածու չառաջադրել», - ասաց Է. Շարմազանովը:
Նրա խոսքով՝ երկրում փոխվել է քաղաքական իրավիճակը, այսօր ներքաղաքական ճգնաժամ է:
«Հայաստանում նոր իրողություններ են: Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք՝ մեզ համար առաջնային է ոչ թե կուսակցության, այլ՝ պետության շահը: Մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների: Այսպիսին է իրավիճակը, սա գիտակցված որոշում է», - ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ը, կհայտարարեն, թե ում են քվեարկելու.
«Այս պահին մենք չգիտենք, թե բացի Փաշինյանից, ովքեր են առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար»:
Հարցին` հնարավո՞ր է քվեարկեն Գագիկ Ծառուկյանի օգտին, քննարկվում է, որ նա կառաջադրվի, Շարմազանովն ասաց, երբ առաջադրվեն, կքննարկեն ու իրենց տեսակետը կհայտնեն:
Անդրադառնալով այսօր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի խոսքերին, ով ասել է, թե «ՀՀԿ-ն ընդունում է իշխանությունը մենաշնորհելու սխալը», Շարմազանովն ասաց .«Չեմ կիսում Դավիթ Հարությունյանի տեսակետը, այսօր ընդդիմությունն ավելի շատ իրավունք ունի, քան՝ նախկինում: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի մասին, երբ խոսում են մարդիկ, պետք է մի բան ասեն, որ ՀՀԿ-ն կարողացել է ավելի ժողովրդավար դարձնել Հայաստանը: Ես գտնում եմ, որ Հայաստանում քաղաքական մենաշնորհ չի եղել, մենք Հայաստանը տարել ենք դեպի ժողովրդավարություն», - ասաց ԱԺ փոխնախագահը: