30/04/2018 14:24
Մաքուր քաղաքական խոսակցություն է եղել. Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպումից հետո (Տեսանյութ)
ԱԺ Դաշնակցություն խմբակցության հետ հանդիպմանը խոսել ենք այս իրավիճակի հաղթահարման և փիլիսոփայության, մոտեցումների ու առաջնահերթությունների մասին և արձանագրել ենք, որ փոխադարձ ըմբռնում կա, այսօր ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի դիրքորոշումը համընկնում է Դաշնակցության դիրքորոշման հետ, թեկնածուն պատասխանեց, որ այնպես չէ, որ ամեն ինչ 100 տոկոսով համընկնում է ու հավելեց.
«Մենք ընդհանրապես, կարծում ենք, որ արտահերթ ընտրությունները մի թեմա են, որ պետք է քաղաքական դաշտում ընդհանուր պատկերացումներ ձևավորվեն և դա չի կարող լինել էնպես, որ մի ուժի պատկերացումները պարտադիր լինեն մյուս ուժերի համար»։
Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կային տարաձայնություններ, որ հանդիպումը երկար տևեց, Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ընդհանուր հարցեր են քննարկվել «քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Դաշնակցական պատգամավորների հետ հանդիպմանը կոալիցիոն համագործակցության և հետագայում կառավարությունում պաշտոններ ստանալու մասին հարցեր չեն քննարկվել։
«Սա մաքուր քաղաքական խոսակցություն է եղել իրավիճակի գնահատման և հաղթահարման ուղղությամբ և բոլորի մտահոգությունն ու ցանկությունն այն է, որ այս քաղաքական գործընթացում կուտակված պոզիտիվ էներգիան պետք է իր հետ բերի երկրի համար պոզիտիվ արդյունքներ», - հայտարարեց Փաշինյանը։