30/04/2018 10:58
ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրվելու, ինչը չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկա. Փաշինյան
Ընդդիմությունը հնարավորություն չունի այս կամ այն կառույցում եղած պրոբլեմները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունների մասին:
«Ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որպեսզի այդ պրոբլեմները բարձրաձայնվեն և համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես բոլոր պրոբլեմները համախատասխան թղթավորել և գործընկերների հետ քննարկել: Երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծելի են: Համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում դրական տեղաշարժ կունենանք», - նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրվելու, ինչը չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան:
«Խոսքը «Ելք»-ի դիրքորոշման փոփոխության մասին չէ, խոսքը Հայաստանի պոտենցիալ նոր կառավարության մասին է», - հստակեցրեց նա: