30/04/2018 18:18
Ինչպես է ստեղծվել «Իմ քայլը» երգը. Հայկ Ստվերը՝ առաջարկի և վախերի մասին
Մեկ ամիս առաջ ծնունդ առած «Իմ քայլը» շարժման հիմնը դարձած համանուն երգը խարիզմատիկ երգչի ու նրա ձայնային տեմբրի շնորհիվ օր օրի ավելի մեծ լսարան է հավաքում՝ հեղափոխական երգից վերածվելով համազգայինի՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ հայացքներ ունի յուրաքանչյուրը:
«Իմ քայլը» երգի կատարող, երաժշտության հեղինակ ու ձևավորող, ծնունդով երևանցի Հայկ Ստվերը (Հայրապետյան՝ հեղ.) արդեն 6 տարի է՝ Կիևում է բնակվում, Հայաստան է վերադարձել ընդամենը օրեր առաջ՝ միանալու ու սատարելու շարժման անդամներին, որի մի մասնիկն է նաև հարազատ եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը: Հենց եղբայրն էլ միջնորդել էր, որ երգը Հայկը կատարի, սակայն երգիչը միանգամից չի, որ համաձայնվել է:
«Տարիներ առաջ ռեփ էի կարդում, հետո հիփ-հոփ ոճում էի ստեղծագործում, հիմա էլ իմ երգերն առավել շատ էլեկտրոնային երաժշտությամբ են ուղեկցվում… Հեղափոխական հիմնը բավական լուրջ ու պարտավորեցնող աշխատանք է, ռոքային մոտեցում է պահանջում: Մխիթարին խորհուրդ տվեցի, թե այդ ոճում որ երգիչներին ու խմբերին ճիշտ կլինի դիմել: Բայց մի քանի օր անց եղբայրս զանգեց ու ասաց՝ վախեցել ու ոչ-ոք չի համաձայնվել հեղափոխական երգ կատարել: Դե, ես վախեցող ու ոչինչ չանող երգիչների դասին չեմ պատկանում, 2008 թվականին էլ եղել եմ ցույցերի մեջ», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Հայկ Ստվերը:
Ըստ երգչի՝ խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանը սկզբում իր կատարմանը լուրջ չէր վերաբերվում, բայց լսելով երգի փորձնական ձայնագրությունը, անակնկալի է եկել:
«Նիկոլ Փաշինյանը սա գրել էր որպես բանաստեղծություն: Երգն ի սկզբանե կրկներգ չուներ, ես վերցրեցի վերջին տունն ու մեկ օկտավա վերևից ավելացնելով՝ կրկներգ դարձրեցի: Ժամանակը շատ սուղ էր, այս ամենի համար ընդամենը 5 օր ինձ տվեցին, պետք է հասցնեի և՛ գործիքավորումն ու ձայնագրությունը, և՛ հետձայնագրման աշխատանքները: Ասեմ, որ ձայնագրման ծախսը, որը այլ ստուդիայում եմ արել, իրենք են հոգացել, մնացածն, ինչ ինձանից էր կախված՝ ես եմ արել», - նշեց Հայկ Ստվերը:
Հայկ Ստվերը ոչ միայն «Իմ քայլը» նախաձեռնության հիմնի երգիչն է, այլև՝ շարժման գաղափարակիցը: Ինչպես արդեն իսկ իր խոսքում նշել է՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հետևում է դեռևս 2008 թվականից: Այդ ժամանակ ցույցերի մեջ ակտիվն ինքն էր, պասիվը՝ եղբայրը՝ Մխիթարը:
«Գիտեմ, շատերն ինձ տարիքով փոքր են տալիս, բայց ես արդեն 38 տարեկան եմ, 2008-ին` 28 էի: Ես օրեր առաջ եմ Հայաստան եկել, քանի որ փաստաթղթերի հետ կապված որոշակի խնդիրներ ունեի Կիևում: Շտկեցի, ու եկա… Ի սկզբանե էլ հաղթանակ եմ ակնկալել, բայց այն մարդկանցից չեմ, ովքեր հակառակ արդյունքից կընկճվեին: Գտնում եմ՝ յուրաքանչյուր ընդվզում պարտադիր է, եթե նույնիսկ չհասնես բուն նպատակիդ, միևնույն է՝ իզուր չի: Բթացած զգոնությունը արթնանում է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով իր Ստվեր կեղծանվանը՝ երգիչը ժպիտով նկատեց՝ քանի որ միշտ ստվերում էր մնում, տարիներ առաջ «X Factor» նախագծին մասնակցելով՝ որոշեց հենց այս անունով ներկայանալ, ինչը զարմացրել էր նաև ժյուրիի անդամներից Նաիրա Գյուրջինյանին.
«Ինձ ասում էր՝ լուսավոր կերպար ես, ինչո՞ւ Ստվեր: Բայց ես կարծում եմ՝ անունն այնքան էլ էական չի, դա չի բնութագրում իմ տեսակը, ուղղակի կեղծանուն է, որն ավելի հեշտ է հիշվում, քան անունս»:
6 տարի առաջ Հայկը Հայաստանից հեռացել է գործնական ու անձնական պատճառներով: Ասում է՝ ինքը գիշերային ակումբներում էր երգում, որոնցից յուրաքանչյուրի տերն ու տնօրենը տվյալ ակումբում իրեն Աստված էր զգում: Ծնողներն էլ դեմ էին որդու բեմական կյանքին:
«Ես իրենց դեմ վազվզողներից չէի, ու բնականաբար, պարբերաբար, խնդիրների առաջ էի կանգնում: Նաև, ծնողներիս հետ կապված խնդիրներ կային: Hայրս, լինելով քարագործ, ուզում էր, որ ես ճարտարապետ դառնայի: Բայց ես նման հակումներ ու տաղանդ չունեի, ու որոշեցի մեկնել հեռու: Այսպես ասած՝ իմն ավելի շատ բեմի վրա թռվռալն է», - ծիծաղելով խոստովանեց նա:
Հարցին« թե հիմա՞ ինչպես են վերաբերում ծնողներն այն հանգամանքին, որ ընտանիքի երկու զավակներն էլ հետաքրքրված են նաև քաղաքականությամբ, մեկը՝ բուն գործունեության, մյուսը՝ համակրի կարգավիճակով, պատասխանեց.
«Չէի ասի, թե նրանք երազում էին այդ մասին: Գիտեք, ես փոքր ինչ զարմացած եմ հիմա, քանի որ, օրինակ ինձ, 2008 թվականի ցույցերին թույլ չէին տալիս մասնակցել: Նույնիսկ տանը փակել էին. երբ մարտի 1-ին առավոտյան իմացա՝ ինչ է կատարվել, տանից փախա: Բայց հիմա տեսնում եմ, որ համակերպվել են մեր դիրքորոշմանը, սատարում են Մխիթարին, անգամ միացել են նրանց ու իրենց քայլն արել Սևանի ճանապարհին: Ե՛վ զարմացած եմ, և՛ հիացած իրենցով»:
Aysor.am-ի զրուցակիցը խոստովանում է՝ նման շարժումների մասնակցելուց միշտ էլ մարդիկ սրտում վախ են ունենում: Անձամբ էլ երբեք զերծ չի եղել նման վախերից, բայց, ինչպես ինքն է նշում՝ երբեք թույլ չի տվել, որ վախը թելադրի սրտին: