01/05/2018 15:56
Սահմանային լարված իրավիճակը թուլացնելու լավագույն ձևը կլինի, որ այսօր հանգուցալուծենք իրավիճակը, ոչ թե խորացնենք. Վարչապետի թեկնածու
Որևէ կասկած չի կարող լինել, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը միասնական են, այսօր Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցությունից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը ճիշտ կվարվի, եթե դրանում համազվելու գայթակություն թույլ տա ինքն իրեն», - ասաց նա ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, ով Փաշինյանին հորդորեց պատգամավորների հարցերի ավարտից հետո կապվել Պաշտպանության նախարարի, Պաշտպանության բանակի հրամանատարի, նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ ու տեղեկանալ, թե ինչ ռազմաքաղաքական իրավիճակ է այս պահին:
«Խնդրում եմ տեղեկանալ և ձեր եզրափակիչ զեկույցում մեզ զեկուցել: Դա շատ կարևոր, առանցքային տեղեկատվություն է այս պահի համար», - ասաց Սամվել Ֆարմանյանը:
«Ինչ վերաբերում է իրավիճակին ու լարված հնարավոր իրավիճակներին, ես էլի եմ ասում, որ այդ իրավիճակները լիցքաթափելու ու իրավիճակը կառավարելու լավագույն ձևն այն է, որ մենք այսօր այս քննարկման արդյունքում ոչ թե խորացնենք ներքաղաքական ճգնաժամն, այլ հասնենք հանգուցալուծման: Ես հաշվի կառնեմ ձեր այդ առաջարկը և կփորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում և եթե անհրաժեշտություն լինի տեղեկացնելու նաև ԱԺ-ին, նաև կտեղեկացնեմ», - ասաց Փաշինյանը: