01/05/2018 20:49
Չի լինելու ոչ մի բախում կամ ցնցում, որովհետև ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա. Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրեն սպասել հրապարակում
Խնդրում եմ ինձ սպասել Հանրապետության հրապարակում, Ազգային ժողովի ամբիոնից դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին ասաց վարչապետի թեկնածու, «Իմ Քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Թույլ տվեք ողջունել հրապարակում կանգնած հարյուր հազարավոր մարդկանց և արձանագրել, որ նրանց հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց` այսօրվա քննարկումներում ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն ինքն իրեն ոչնչացրեց:
«Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ», - ասաց Ն. Փաշինյանն` ընդգծելով, որ ճգնաժամից դուրս գալու համար մի ելք կա, քիչ անց ճիշտ քվեարկություն կատարել:
«Ես չեմ ուզում դիմել «Հանրապետական» խմբակցությանը որպես մի ամբողջություն, որովհետև այդ ամբողջությունն այլևս գոյություն չունի, ես ուզում եմ դիմել պատգամավորներին որպես անհատներ` ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլևս վերադարձ չկա և ես ուզում եմ դիմել ձեզանից յուրաքանչյուրին` հստակ ընդգծելով, որ դուք դեռևս ունեք հնարավորություն այդ սահմանը չհատելու և սա ասում եմ՝ առանց որևէ սպառնալիքի կամ կիրք բորբոքելու: Դուք ընդամենը խաղում եք ժամանակի վրա ու դա արժանապատիվ չէ այն կուսակցության համար, որը վերջին 20 տարում եղել է իշխանության մեջ և անընդհատ բոլոր ամբիոններից պնդել է, թե առաջնորդվում է երկրի ազգային շահով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ օրվա ընթացքում հնչած կարծիքներին, թե «Իմ Քայլը» շարժման հետևում այլ ուժեր են կանգնած.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնկարել, թե այս ամենի մեջ ինչ-որ մութ ուժերի, օտար ուժերի սցենար կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք այնքան չեն ճանաչում սեփական ժողովրդին, այնքան են կտրված սեփական ժողովրդից, նրանք մտածում են, թե կարողացել են հաղթել սեփական ժողովրդին և ահա այս է պատճառը, որ մտածում են, թե հայ ժողովուրդը չի կարող լինել այդքան հզոր», - ասաց Ն. Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն անհնար համարեց հնարավոր բախումները` նշելով, որ դրանց համար չկա երկու կողմ:
«Այսօր Հայսատանում չկա ուժերի որոշակի հարաբերակցություն, այսօր Հայաստանում կա ժողովուրդ՝ մի կողմից և Հանրապետական 20-25 պատգամավոր ու Հանրապետական վերնախավ մյուս կողմից, որն ուզում է ապացուցել` իրենք միասնական են: Չի լինելու ոչ մի բախում, չի լինելու ոչ մի ցնում, որովհետև ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա, որ բախումը թեկուզ տեսականորեն հնարավոր լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: