01/05/2018 18:47
ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը դեմ գնաց խմբակցության որոշմանը. նա չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը կողմ չի քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթում:
«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելով՝ այլ գործիչներ էլ ենք տեսել, նաև տխուր վերջաբանով: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ», - ասաց Աղվան Վարդանյանը:
Նա նշեց` չի կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:
«Հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը: Անկեղծ ասած՝ սա ընտրություն էլ չի. ինձ երկու տարբերակ են թողել` քվեարկել կա՛մ Նիկոլին, կա՛մ Փաշինյանին: Հարգելի խորհրդարան, ես չեմ քվեարկելու: Ես Դաշնակցական եմ, կուսակցություն ու խմբակցություն եմ ներկայացնում, որը կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա, եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս», - ասաց Աղվան Վարդանյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ-ն դուրս էր եկել ՀՀԿ-ի հետ կոալիցիայից և հայտարարել, որ միաձայն պաշտպանելու է «ժողովրդի թեկնածուին»: