01/05/2018 11:49
Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում
Հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը (սոպրանո) հեղինակային մենահամերգով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում:
Օրերս Մոսկվայի Բունինի անվան գրադարանի դահլիճում անցկացված համերգային երեկոյին Աֆրիկյանի հետ հանդես է եկել նաև կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով նաև ասմունքել է երեկոյի ընթացքում: «Հոգու լարերին» խորագիրը կրող համերգային երեկոյին նրանք ելույթ են ունեցել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների հրավերով: Երեկոն վարում էր մրցույթի կազմկոմիտեի նախագահ Նատալյա Ավետիսյանը։ Ի դեպ, թե՛ Աֆրիկյանը, թե՛ Դարբինյանը վերջերս դարձել էին այս հեղինակավոր ստուգատեսի դափնեկիրներ:
80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանը համերգային երեկոյի ընթացքում ներկայացրել է հայ պոետների տեքստերով ռուսալեզու, ինչպես նաև հայալեզու երգեր ու ռոմանսներ: Մասնավորապես, ներկայացվել են Սիլվա Կապուտիկյանի, Կորյուն Առաքելյանի, Սվետլանա Հովսեփյանի, Մայա Աֆրիկյանի տեքստերի հիման վրա գրված գործեր:
«Մինչ մեկնելը մենք թարգմանել ու ռուսերեն հրատարակել էինք 10 երգ ներառող «Հույսի ծիածան» երգերի ժողովածուն.այդ երգերն էլ ներկայացվեցին երեկոյի ընթացքում: Տեքստերի հեղինակը Կորյուն Առաքելյանն է, երաժշտությունն էլ ես էի հեղինակել: Համերգային երեկոյի ավարտին ժողովածուն, ինչպես նաև Սվետլանա Հովսեփյանի բանաստեղծություններն ամփոփող գիրքը նվիրեցի Բունինի անվան գրադարանին»,-նշում է Մայա Աֆրիկյանը:
Անդրադառնալով ծրագրին՝ հեղինակ-կատարողն ընդգծում է նախաձեռնության կարևորությունը: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր և հետաքրքիր ծրագիր էր, քանի որ մենք մեր պոեզիան ներկայացրել ենք ռուս հանդիսատեսին: Այսինքն՝ ռուսներին հասկանալի լեզվով ցուցադրել ենք մեր արվեստը: Իմ երազանքն է, որ այս ծրագիրը ներկայացվի Ռուսաստանի ամբողջ տարածքում»,-հավելում է Մայա Աֆրիկյանը:
Նշենք, որ երեկոյի ընթացքում Ռուսաստանի հայերի միության կողմից Մայա Աֆրիկյանին ու Լիլիանա Դարբինյանին հանձնվել են միության մեդալներ:
Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: