01/05/2018 14:02
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը վաստակել է ամենաբարձր մակարդակի նվագախումբ կոչվելու իրավունքը. Տիգրան Հախնազարյան
Եզրագծին է մոտենում Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնային երկու շաբաթների ընթացքում գրեթե չի լքում բեմը։ Ամեն օր նվագախումբը ներկայացրել է նոր ծրագրեր, հանդես է եկել հայտնի արտիստների հետ։
Ապրիլի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացավ դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգային ծրագրում ներառված էին Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը, փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի թավջութակի եւ նվագախմբի համար գրված երեք գործերը։
Տիգրան և Նարեկ Հախնազարյաններն առաջին անգամ էին Մալթայում և շատ տպավորված էին։ Դիրիժոր Տիգրան Հախնազարյանն ընդգծեց, որ մալթյան երաժշտական փառատոնը Եվրոպայում ամենահայտնիներից է։
«Ես շատ ուրախ եմ այս փառատոնի հերոսների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու համար։ Կոլեկտիվի հետ ես առաջին անգամ եմ հանդես գալիս, սակայն անձամբ ճանաչում եմ նվագախմբի գրեթե բոլոր երաժիշտներին, ընդ որում՝ շատ վաղուց։ Եվ ոչ միայն ես։ Կարծում եմ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վաստակել է ամենաբարձր մակարդակի նվագախումբ կոչվելու իրավունքը։ Այս կոլեկտիվը շատ պահանջված է, ունի հագեցած հյուրախաղային օրակարգ»,- ասաց Տիգրան Հախնազարյանը։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիանալի է ներկայացնում Հայաստանը միջազգային բեմերում.
«Ես նվագախմբի ընկերն եմ այն պահից, երբ այն ծնվել է։ Ինձ շատ տպավորում է նվագախմբի ամենաուժեղ կողմը՝ կիրքը։ Այս հատկանիշը կոլեկտիվի մեջ եղել է ի սկզբանե, և տարիների ընթացքում կոլեկտիվը չի կորցնում այն»։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Նարեկ Հախնազարյանը նշեց, որ առանձնահատուկ երևույթ է եղբոր հետ հանդես գալը, քանի որ շատ լավ հասկանում են միմյանց։ Տիգրան Հախնազարյանն էլ հավելեց, որ իրենք ելույթի ընթացքում միմյանց նայելու կարիք անգամ չունեն եւ կապը զգում են տարածության վրա։
Նարեկ Հախնազարյանը, անդրադառնալով Ալեքսեյ Շորի ստեղծագործությանը, նշեց, որ իրեն շատ դուր է գալիս Շորի թեթև ու շատ ներդաշնակ երաժշտությունը, որը միշտ հոգեհարազատ է ունկնդրին։
Այսօր՝ մայիսի 1-ին, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից կազմակերպված Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի վերջին ակորդն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա հանրահայտ կլարնետահար Անդրեաս Օտենզամերը։ Մաեստրո Սմբատյանի կողմից ղեկավարվող համերգը կհեռարձակի Euronews-ը։