02/05/2018 12:25
Քշիշտոֆ Պենդերեցկի. Տպավորիչ է այն, ինչ մալթյան փառատոնի ընթացքում արել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը
Մայիսի 1-ին ամփոփվեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը մայիսի 15-ից սկսած՝ դասական երաժշտության հրավառություն էր կազմակերպել 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում։
Փառատոնի ամփոփիչ համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր euronews.com-ը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ունկնդրին ներկայացրեց Չարլզ Քամիլերիի «Մալթա» սյուիտը, հատվածներ Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» սյուիտից, Քշիշտոֆ Պենդերեցկու Երրորդ սիմֆոնիայի ադաջոն, ինչպես նաեւ՝ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի կլարնետի եւ նվագախմբի համար գրված «Վերդիանան»։
Փառատոնի հյուրն էր լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեկցին։ Նա նշեց, որ մալթյան փառատոնի ծրագիրը տպավորիչ է։
«Տպավորիչ է նաեւ այն, ինչ արել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Զարմանալի է, երբ մեկ նվագախումբը կատարում է փառատոնի բոլոր համերգները։ Իհարկե դա նաեւ մեծ նվաճում է Հայաստանի համար։ Ես հետևում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը, ուրախ եմ, որ նրանք այսքան նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունն այս հիասքանչ իրադարձության շրջանակներում»,- ասաց մաեստրո Պենդերեցկին:
Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, ամփոփելով երաժշտական այս տոնի երկու շաբաթները, այն բնութագրեց ֆանտաստիկ։ «Եվ այս ամենը մենք ունեցանք մեծ մասամբ շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աննկարագրելի կամքի, կատարողական վարպետության»,- ասաց Ալեքսեյ Շորը։
Լատվիացի կոմպոզիտոր, երաժշտագետ Գեորգ Պելեցիսը՝ որպես Արամ Խաչատրյանի աշակերտ, նշեց, որ շատ ուրախ է Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման համար. «Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծության կոմպոզիտոր է, հետաքրքիր էր զգալ փառատոնի հայկական շունչը, պետք է ասեմ, որ այն նաև իմ երաժշտական կարիերայի վրա նկատելի է: Ես հպարտությամբ եմ հիշում, որ աշակերտել եմ մեծն Արամ Խաչատրյանին: Իսկ այն, թե ինչպես իրենց գործը կատարեցին հայ երաժիշտները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ուղղակի հիասքանչ էր»:
Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան նկատեց, որ Մալթայի համար նման մեծածավալ փառատոնն իրականություն դարձնելը շատ կարևոր հանգամանք է: «Իհարկե, փառատոնային ընթացքին նշանակալի շուք հաղորդեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Պետք է ասել, որ մի առանձնահատուկ բան էր նրանց գործունեությունն այս ընթացքում: Ես ցավոք ներկա չեմ եղել բոլոր համերգներին, հիմա թերթում եմ ծրագիրն ու հասկանում, որ ամեն նվագախումբ չէ, որ ի զորու էր դա իրականություն դարձնել. համարյա ամեն օր հանդես գալ միջազգային ճանաչում ունեցող արտիստների հետ՝ նման բարդ ու հագեցած ծրագրով»,- ասաց տիկին Պենդերեցկան:
Կլարնետահար Անդրեաս Օտենզամերը, որ եզրափակիչ համերգի ընթացքում կատարեց Շորի «Վերդիանան», նշեց, որ ստեղծագործությունը իդեալական օրինակ է տարբեր ոճերի եւ ժանրերի միաձուլման։ Նա նշեց նաեւ, որ Շորի երաժշտությունը քնարական է, հասանելի ունկնդրին։
Ի դեպ, համերգի եւ փառատոնի եզրափակիչ ակորդը նույնպես հայկական էր: Նվագախուբն առանց դիրիժորի հնչեցրեց Արամ Խաչատրյանի Լազգինկան «Գայանե» բալետից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 1-ը Վալետայում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կազմակերպմամբ անցկացվեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաեւ Հայաստանի մշակույթի օրեր։
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի՝ մայիսի 1-ի համերգի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։