07/05/2018 11:40
Շիրակի պետհամալսարանում շարունակվում է ռեկտորի դեմ բողոքի ակցիան
Գյումրիում շարունակվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիան։
Այսօր էլ, ինչպես շաբաթ օրը, ուսանողները և դասախոսական կազմը հավաքվել են բուհի մոտ և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։
«Մեր պահանջը քննարկման ենթակա չէ, չենք բանակցում ոչ մեկի հետ, սադրանքների չենք տրվում։ Մեր բողոքը տանում ենք մինչև վերջ։ Սա-հակ, հեռացիր», - հայտարարեց ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը։
Ուսանողներից մեկն էլ հայտարարեց, թե իրենց պայքարը սկսել են դեռևս սեպտեմբերից, հիշեցրեց, որ պայքարի հետևանքով ռեկտորի որոշմամբ աշխատաննքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Անահիտ Ֆարմանյանը։
«Նրա որոշումներն անքննելի են, նա ամբողջ գումարը ծախսում է ժամանցային միջոցառումների համար։ Պարոն Մինասյան, ամոթ է», -հայտարարեց ուսանողուհին։